ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Յուրաքանչյուրս իր ընտանի կենդանու համար լավագույնն է ցանկանալում։ Մենք ընտրում ենք ամենալավ սնունդը, ապահովում ենք լավագույն խնամքը և նրանց տալիս մեր ողջ սերը։ Սակայն սննդից ու սիրուց բացի, կան նաև ավելի խորքային կարիքներ, որոնք յուրաքանչյուր շուն պետք է հնարավորություն ունենա զգալու և ապրելու։ Դրանք պայմանավորված են ոչ թե ժամանակակից միտումներով, այլ հենց շան տեսակի կենսաբանությամբ և բնական վարքագծով։
 
Ահա չորս հիմնարար կարիք, որոնց բավարարման արժանի են մեր կենդանիները 
 
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Շան համար աշխարհը ուսումնասիրելը շքեղություն չէ, այլ այն միջոցն է, որով նա հասկանում և ճանաչում է իր շրջապատը։ Հոտոտելու, նոր երթուղիներով քայլելու և շրջակա միջավայրը ուսումնասիրելու միջոցով շները տեղեկություններ են հավաքում իրենց միջավայրի մասին, ինչը կարևոր դեր ունի նրանց բարեկեցության համար։ Այն զբոսանքը, որը շանը ժամանակ է տալիս հոտոտելու և ուսումնասիրելու, շատ ավելին է, քան պարզապես ոտքերի ֆիզիկական մարզանքը․ այն նաև մտքի մարզանք է։

Սա հատկապես կարևոր է ձագերի համար, երբ նոր միջավայրերի, տարբեր մակերեսների, ձայների և փորձառությունների հետ շփվելը նպաստում է ինքնավստահ և հավասարակշռված չափահաս շան ձևավորմանը։ Սակայն ուսումնասիրելու պահանջը տարիքի հետ չի վերանում․ նորույթները և շրջակա միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը շարունակում են ապահովել մտավոր խթանում և հուզական հավասարակշռություն շան ողջ կյանքի ընթացքում։
 
ԲԱՎԱՐԱՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԻՐԵՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Մի խաբվեք չափերին։ Փոքր շունը պարտադիր չէ, որ քիչ էներգիա ունենա, իսկ մեծ շունը միշտ չէ, որ կիլոմետրերով վազելու կարիք ունի։ Յուրաքանչյուր շան ֆիզիկական ակտիվության կարիքներն անհատական են և կախված են ցեղատեսակից, տարիքից, առողջական վիճակից ու բնավորությունից։ Կենդանու տիրոջ համար ամենակարևոր բաներից մեկը սեփական շան վարքն ու ազդանշանները հասկանալն է՝ ընդհանուր կանոններին հետևելու փոխարեն։

Խոսքը միայն զբոսանքի մասին չէ․ խաղը նույնքան կարևոր է, և արժե ուշադրություն դարձնել, թե ինչպիսի խաղ է իրականում հաճույք պատճառում Ձեր շանը։

Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սրտանոթային առողջությանը, առողջ քաշի պահպանմանը և հոդերի շարժունակությանը, սակայն այն նաև կարևոր դեր է խաղում հուզական կարգավորման գործում։ Այն շները, որոնք բավարար չափով չեն շարժվում, հաճախ կուտակված էներգիան արտահայտում են անցանկալի ձևերով՝ չափից ավելի հաչոցով, իրեր կրծելով կամ ընդհանուր անհանգստությամբ։
 
ՇՓՈՒՄՆ ԻՐ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Առողջ շփում չի նշանակում, որ յուրաքանչյուր շուն պարտադիր պետք է խաղա իրեն հանդիպած յուրաքանչյուր այլ շան հետ։ Դա նշանակում է, որ շունը պետք է բավականաչափ դրական և ճիշտ վերահսկվող շփում ունենա այլ շների հետ, որպեսզի կարողանա հասկանալ նրանց մարմնի լեզուն, պատշաճ կերպով հաղորդակցվել և իրեն հարմարավետ զգալ պարզապես նրանց կողքին գտնվելով՝ անկախ նրանից՝ դա կհանգեցնի խաղի, քաղաքավարի անտարբերության, թե հանգիստ համակեցության։

Այն շունը, որը քիչ դրական շփում է ունեցել այլ շների հետ, հետագայում կարող է դժվարանալ ճիշտ ընկալել սոցիալական ազդանշանները։ Դա կարող է հանգեցնել վախի կամ ռեակտիվ վարքի, ոչ թե այն պատճառով, որ շունը «վատն» է, այլ որովհետև այդ «լեզուն» երբեք չի սովորել։

ՀԱՍԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ
Շները հաղորդակցվում են մարմնի, ականջների և պոչի դիրքերով, ինչպես նաև դեմքի մկանների լարվածության և վարքային նուրբ ազդանշանների միջոցով։ Շատ վարքագծեր, որոնք մարդիկ «համառ» կամ «չարաճճի» են անվանում, իրականում շան անկեղծ փորձն են՝ արտահայտելու անհարմարությունը, սթրեսը կամ որևէ պարզ կենսաբանական կարիք։
 
Սթրեսի վաղ և նուրբ նշանները ճանաչել սովորելը՝ օրինակ՝ շուրթերը լիզելը, իրավիճակին անհամապատասխան հորանջելը, գլուխը մի կողմ շրջելը կամ պոչը ոտքերի արանքում պահելը, կենդանու տիրոջը հնարավորություն է տալիս արձագանքել նախքան իրավիճակի սրվելը, այլ ոչ թե դրանից հետո։
Սա չի նշանակում, որ պետք է մեկ գիշերում դառնալ շների շարժուձևի փորձագետ։ Խոսքը ձեր շանը ենթադրություններով գնահատելու փոխարեն հետաքրքրությամբ մոտենալու մասին է և ընդունելու, որ այն, ինչ մեզ կարող է թվալ «վատ վարք», հաճախ պարզապես շան փորձն է՝ ինչ-որ բան մեզ փոխանցելու իրեն հասանելի միակ լեզվով։

Այս չորս կարիքները ցանկ չեն։  Դրանք միջոց են այլ տեսանկյունից նայել ի՞նչն է շունս սխալ անում և դիտարկել ի՞նչի կարիք այս պահին ունի իմ շունը։ Ոչ ոք շանն այնքան լավ չի ճանաչում ինչքան նրա հետ ապրողները։ Դա մանրուք չէ, այլ հենց դա է իմաստը։